Խաղաղության պայմանագիրը չպետք է ՀՀ–ի համար կապիտուլյացիայի փաստաթուղթ լինի. Փաշինյան

Քննարկման ժամանակ
Անդրադառնալով նաև Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների տեղակայմանը` վարչապետն ընդգծել է, որ նրանք այժմ ինֆորմացիայի սեփական աղբյուր ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ունի լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ։
Այս մասին, ըստ Փաշինյանի, վերջերս նա հայտարարել է նաև ՀՀ խորհրդարանում և կառավարությունում։
«Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով նաև Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների տեղակայմանը` վարչապետն ընդգծել է, որ նրանք այժմ ինֆորմացիայի սեփական աղբյուր ունեն և կարող են հստակ հասկանալ, թե հրադադարի խախտման նախաձեռնողը որ կողմն է։
«Ակնկալում եմ, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանք, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը»,– ասել է Փաշինյանը։
Վերջինս ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը միջազգային հանրության, տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունի, և պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնեն վերջնական և կայուն խաղաղության։
ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան բանակցություն կազմակերպել. Լավրով
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023-ի փետրվարի 16-ին էլ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի հերթական փուլը՝ ադրբեջանական կողմին փոխանցելով իր առաջարկները: Նրա խոսքով՝ խոսքը ամբողջական պայմանագրի նախագծի մասին է։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։