Հայաստանում կարմրուկի 11 դեպք է արձանագրվել

Բժիշկը ներարկիչով. Արխիվային լուսանկար
Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։
Նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, որոնք չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: