Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի հետ. հարցերի լայն շրջանակ են քննարկել

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ։ Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ զրույցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայույունը:
Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտուր, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և կրթություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն:
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության անդամները Նյու Դելիում
Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար:
Հանդիպման ընթացքում Արշակյանը անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, որը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները։ Ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով առաջացած հումանիտար ժգնաժամը։
«Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, և կարևորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ»,–ասել է Արշակյանը։
Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան,իր հերթին, առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
Նա կարևորել է երկու խորհրդարանների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը և ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձևաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Նյու Դելիում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Այս համատեքստում Արշակյանը ներկայացրել է, որ իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը և շեշտել, որ հիանալի կլիներ նաև Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ և սերտ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում:
Հակոբ Արշակյանը Հնդկաստանի ԱԺ խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մարտի 3-4-ը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովին: ՀՀ արտգործնախարարը համաժողովի շրջանակներում որպես բանախոս կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։