Ճանապարհը Վերին Լարսով փակ է բեռնատարների համար

Լարս. Արխիվային լուսանկար
Պատճառը կրկին եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Վրաստանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երթևեկությունը բեռնատարների համար ժամանակավոր սահմանափակվել է Հյուսիսային Օսեթիայի Ռազմավիրական ճանապարհահատվածում (Վերին Լարսով անցնող ճանապարհ)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ են», – ասել է կցորդը։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանի հետ կապող ներկայիս միակ ցամաքային երթուղին է։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն ժամանակ առ ժամանակ փակվում է։