ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նշենք, որ աջակցության տրամադրումն իրականացվել է 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի նոյեմբեր։ Շահառուներին տրամադրվել է միանվագ 300 000 դրամ և ամենամսյա 68 000 դրամ դրամական օգնություն։
Որոշմամբ նախատեսվում է նաև հստակեցնել շահառուների թիվը, եթե լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականի ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, նոր աջակցության ծրագրից նա այլևս չի օգտվի։
Սյունիքի մարզպետարանի տվյալներով` 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022թ-ի հոկտեմբերին ծնված երեխա է:
Նշենք, որ նախապես ծրագրի ժամկետն ընտրվել էր այն հաշվարկով, որ 2022թ-ի ավարտին որոտանցիներն ու շուռնուխցիները պետք է տեղափոխվեին Շուռնուխի հայկական հատվածում մնացած, նոր կառուցվող բնակավայր։
Թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն իրականացվել, կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ աշխատանքների կատարման նոր վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 30-ը:
Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջարկվել է միջոցառման շրջանակներում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ: