ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանում և մարզերում միասնական շտապօգնության համակարգ կներդրվի, և ծրագրի ավարտը կլինի 2025 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հարցը առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում քննարկել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող` Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ:
«Համակարգի միջոցով շտապօգնության սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ կանչի սկզբունքով: Արդյունքում, կրճատելով ժամանակն ու տարածությունը, շտապօգնության բրիգադը շատ ավելի օպերատիվ կհասնի կանչի վայր»,– ասված է հաղորդագրությունում:
Արմեն Նազարյանն ու Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել են մարզում շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին, նախանշել անելիքները: