ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ մարտի 1-ին` աշխատանքային օրվա վերջին, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
«Դատարանը բավարարել է բոլոր միջնորդությունները, նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով»,–գրել է Աբրահամյանը։
«Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցուցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: