ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը (որն օրերս ընդունել է ՀՀ քաղաքացիություն) շնորհակալություն է հայտնել երևանյան երկրպագուներին` վաղվա մենամարտին ընդառաջ աջակցության համար։ Այդ մասին Գասիևը հայտարարել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
Վաղը Երևանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո 6 մենամարտից, տարբեր քաշային կարգերում։ Դրանցից գլխավորը Գասիևի հանդիպումն է ամերիկացի Մայք Բալոգուի հետ։
Այսօր հակառակորդներն անցան կշռման արարողությունը և «հայացքների մենամարտը»։
Ճեպազրույցում Գասիևը նշեց, որ ուրախ է հերթական մենամարտն անցկացնել Երևանում, որտեղ շատ աջակիցներ ունի։ Նա շնորհակալություն հայտնեց նաև իր հակառակորդին` Երևանում մենամարտն անցկացնելու համաձայնության համար։
Գասիևի խոսքով` նրա համար շատ կարևոր է հնարավորինս շատ մարտեր անցկացնել գլխավոր նպատակի` չեմպիոնական գոտուն հասնելու համար։
Մուրադ Գասիև
© Sputnik / Asatur Yesayants
«Ծանրքաշային ամեն մի մենամարտ, առավել ևս` այսպիսի մակարդակով, վտանգավոր է, բայց եթե այն վարկանիշային առաջխաղացում ապահովի, ապա հաջորդ գոտեմարտը կլինի աշխարհի ուժեղագույններից մեկի հետ»,- ասաց Գասիևի մարզիչ Վիտալի Սլանովը՝ հավելելով, որ ամեն ինչ կախպված է նրանից, թե ինչպես կանցնի այս գոտեմարտը։
Հիշեցնենք` օսական ծագմամբ ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը (որն օրերս դարձել է ՀՀ քաղաքացի) հանդես է գալիս առաջին ծանրքաշային կարգում։ Նա 30 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել (29 հաղթանակ, 1 ոչ–ոքի)։
Նրա հակառակորդը` ամերիկացի Մայք Բալոգուն, անցկացրել է 20 մարտ` հաղթելով բոլորում։
Նրանք կպայքարեն Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով Միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսի համար։