ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կառավարությունը մտադիր է կրճատել մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետներն ու խստացնել այդ պաշտոնում նրանց նշանակման պայմանները։
Այդ նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։
Կառավարության այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է նախադպրոցական հաստատություններում օրենքի պարտադիր պահանջով սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների վերապատրասման կարգը, ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրի ստացման կարգն ու ժամկետները և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման պահանջը։
Օրենքի նախագծով մանկավարժների համար պարտադիր վերապատրաստման ժամկետ է սահմանվում 5 տարին։
Իսկ տնօրենների համար առաջարկվում է հանել հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:
«Իրականացված վերլուծության համաձայն` համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 %-ը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում»,– նշված է օրինագծի հիմնավորումներում։
Ինչ վերաբերում է մանկապարտեզների լիցենզավորման պարտադիր պահանջին, դրա համար նախագծով սահմանվում է լիցենզիայի ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետ` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց նախարարության օրենսդրական առաջարկը։ Օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ–ում։