Խոսակցություն է. Փաշինյանը՝ ՌԴ–ի և Արևմուտքի հետ առևտրում պատժամիջոցները շրջանցելու մասին

Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Ըստ Փաշինյանի` Հայաստանի իշխանությունների համար թափանցիկությունը սկզբունքորեն կարևոր է բոլոր գործընկերների հետ հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատժամիջոցները ստվերային տարբերակով շրջանցելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի խոսակցություններ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյոք Հայաստանն իր արտաքին առևտրում շրջանցում է հակառուսական պատժամիջոցները։
«Որպես ժողովրդավարական երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել և ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք շարունակել թափանցիկ լինել։ Արտաքին առևտրի թվերը փոխվում են ամբողջ աշխարհում, քանի որ փոխվում են լոգիստիկ շղթաները, հարաբերությունները»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ոչ միայն Եվրամիությունից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև ՀՀ–ից արտահանումներն են ավելացել դեպի ԵՄ երկրներ։
ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ կստորագրվի
«Անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանից է վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա կարծում եմ՝ այն ուղիղ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր գործընկերներին` գործողությունների և գործունեության օրինականությունն ունի սկզբունքային նշանակություն: Ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»,– շեշտեց նա։
Փաստահավաք խմբի այցը Լաչինի միջանցք կարող է էական լինել․ Փաշինյանը՝ Շոլցի հետ հանդիպմանը
Նշենք, որ պատժամիջոցների քաղաքականության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ' Սալիվանանն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունից դեպի Ռուսաստան առևտրային հոսքերի կտրուկ նվազում է նկատվում և առևտրի անսովոր աճ երրորդ երկրների հետ, հատկապես այն երկրների, որոնք գտնվում են Ռուսաստանի անմիջական հարևանությամբ։ Նա կոնկրետ երկրներ չէր նշել` վկայակոչելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Հիշեցնենք` ԵՄ երկրները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթ են ընդունել, որոնք առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՌԴ-ն բազմիցս նշել է, որ կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու ու թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է։