Կհանդիպե՞ն արդյոք Լավրովը և Բլինկենը G20–ի շրջանակում. Զախարովայի գնահատականը

Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ–ում կարծում են, որ ԱՄՆ–ն դիվանագիտությունը երկրորդ պլան է մղել և հանդես է գալիս աշխարհում հակամարտությունների սրացման օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել է G20–ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման հավանականությունն ու բացառել նման բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովայի խոսքով` ԱՄՆ–ն դիվանագիտությունը երկրորդ պլան է մղել և հանդես է գալիս աշխարհում հակամարտությունների սրացման օգտին։
«Հիմա արդեն հարց է ծագում` ինչո՞ւ։ Որովհետև չեն տիրապետում, թե չեն հավատում դրան (դիվանագիտությանը), թե պարզապես որովհետև ավերումն ԱՄՆ արտաքին քաղաքականության տրամաբանությունն է», – ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Լավրովի և Բլինկենի հանդիպում նախատեսված չէ։ Բլինկենը ևս հայտարարել էր, որ մտադիր չէ հանդիպելու Լավրովի հետ։
Զախարովան այսօր հայտարարել է G20–ին մասնակցելու համար Նյու Դելի Ռուսաստանի պատվիրակության ժամանման մասին։ Ըստ նրա` Մոսկվայի ներկայացուցիչներն աշխատանքային տրամադրվածություն ունեն։ G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպումն անցկացվում է Հնդկաստանում մարտի 1-2-ը։