Իրանի հյուպատոսությունը պատրաստ է ընդլայնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը

Կապանում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ճանաչողական այցով եղել է ՔԿ–ում
Կապանում ԻԻՀ հյուպատոսը քննչական կոմիտեի փոխնախագահի հետ քննարկել է երկու երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը պատրաստ է ընդլայնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի և հավելում, որ Կապանում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ՔԿ–ում եղել է ճանաչողական այցով և հանդիպել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ։
Հանդիպման ընթացքում Այվազյանը նաև շնորհավորել է Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
«Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան և քննչական կոմիտեի միջև սերտ գործակցությունը, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։ Աբեդին Վարամինը պատրաստակամություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում 2 երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։