ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հնարավոր է` Վերին Լարսով անցնող ճանապարհը մի քանի օր փակ լինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Օդերևութաբանները կանխատեսում են, որ մարտի 3-ին, օրվա երկրորդ կեսից կարող է առատ ձյուն տեղալ, ինչը կավարտվի հաջորդ երկուշաբթի։ Առավելագույն տեղումներ են սպասվում կիրակի և երկուշաբթի օրերին»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` եթե կանխատեսումն իրականանա, Լարսով երթևեկությունն ամենայն հավանականությամբ երկկողմանի փակ կլինի մինչև երեքշաբթի։ Կցորդը քաղաքացիներին խորհուրդ է տալիս մինչև վաղը կեսօր հատել ռուս–վրացական սահմանը, քանի որ հետո սահմանը կարող է փակվել ամբողջությամբ։
Հակոբյանը նշեց, որ Խաչի լեռնանցքը և Վերին Լարսն այս պահին բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանված թունելներով, բայց մեքենաներն անցնում են շարասյուներով, սկզբում` մեկ ուղղությամբ, ապա` մյուս։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։