ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մոսկվան պնդում է, որ ՌԴ–ի և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած ահաբեկչությունների արդար և արագ քննություն տարվի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, G20–ի արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նկատում ենք Արևմուտքի կողմից սադրվող միջազգային տնտեսական հարաբերությունների դեգրադացիա, դրանց վերափոխում զենքի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Ապշած ենք ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի պատասխանատվության գոտում «Հյուսիսային հոսք» մայրուղային գազատարների դեմ անպատիժ դիվերսիաներով։ Պնդում ենք, որ ազնիվ և արագ հետաքննություն իրականացվի այդ ահաբեկչության նկատմամբ Ռուսաստանի և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ», – հայտարարել է նախարարը։
Հիշեցնենք` 2022 թ. սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք–1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք–2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։
Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։ «Հյուսիսային հոսք–1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ ՌԴ գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարների վնասումից հետո միջազգային ահաբեկչության մասին գործ էր հարուցել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ակնհայտ ահաբեկչություն է: