ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ կստորագրվի

ԵՄ քաղաքացիական առաքելության շարասյունը Հայաստանում. Արխիվային լուսանկար
Այս պահին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik.Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փասթաթուղթ կստորագրվի։ Այս մասին այսօր Բեռլինում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը կարգավորող պայմանագիր քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ Կարծում եմ՝ փաստաթուղթը կստորագրենք, երբ ընդհանուր հայտարարի կգանք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։