ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին չորրորդ արձանագրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Չորրորդ արձանագրությամբ նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում։ Բացի այդ, սահմանվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ»,-ասված է փաստաթղթին կից պարզաբանման մեջ։
Դաշնային օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2002 թվականի հոկտեմբերի 7-ի չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին։