Հայաստանը և Գերմանիան նոր համագործակցություն են սկսում. ՀՀ–ում գրասենյակներ կհիմնեն

Վահան Քերոբյանը նշել է, որ համագործակցության գործընթացը սկսվել է 12 տարի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Վերականգնման վարկերի բանկը (KfW) տեղական գրասենյակներ կունենան Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը Հայաստանում գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման համաձայնագիր են ստորագրել։
Քերոբյանը նշել է, որ այսօր ավարտում են մի գործընթաց, որը սկսվել է 12 տարի առաջ:
«Դրանք դիվանագիտական գրասենյակների կարգավիճակ ունեն, և այսօր մենք փոխանակելու ենք համաձայնագրերը, որոնք հետո պետք է Ազգային ժողովը վավերացնի։ Կարելի է ասել, որ գործի գրեթե ամբողջ մասը սրանով ավարտվում է: Մենք կարևորում ենք Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները, որոնք զարգանում են բավականին ակտիվ»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Նախարարը հավելել է, որ GIZ-ը և KfW-ն Հայաստանում գործող ամենաակտիվ կառույցներից են: Նա նկատել է` KfW-ն հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն:
Քերոբյանը շեշտել է, որ բազմաթիվ նախագծեր կան ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրամբարների կառուցման ուղղությամբ, հիմա էլ 2 խոշոր ծրագիր կա՝ Կապսի ջրամբարի շինարարությունը, ինչպես նաև դեպի Վրաստան էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը:
«Մենք հուսով ենք, որ շուտով գործնական փուլ կմտնենք այս 2 ծրագրի մասով: Նաև հույս ունենք, որ տեղային գրասենյակների հիմնումը պետք է նշանակի, որ մենք ավելի սերտ համագործակցության ապագա ունենք 2 ընկերության հետ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
GIZ-ի հետ Հայաստանի հարաբերությունները բազմաշերտ են: Շատ մեծ է GIZ-ի աջակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարությունների ոլորտներում:
«Դա բարձրակարգ համագործակցություն է, որի արդյունքում իրականում հասնում ենք մեր գլխավոր նպատակին՝ ազդեցության փոփոխությանը: Այսինքն՝ այն ծրագրերը, որոնք անում ենք GIZ-ի հետ, իսկապես ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
Եզրափակելով խոսքը՝ Քերոբյանը հայտնել է, որ 2 կառույցների կողմից Հայաստանում գրասենյակների հիմնումը նոր էջ է բացում Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում: