Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը նախորդ տարի 6000 զանգ ու այց է ունեցել անհետ կորած անձանց ընտանիքներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հակամարտության 2020-2022 թթ. սրացումների հետևանքով Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում։ Տեղեկությունը հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 309 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․սրացումների հետևանքով»,– ասված է հաղորդագրությունում։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Երևանի պատվիրակությունում 2022 թվականին ավելի քան 6000 զանգ ու այց է ունեցել անհետ կորած անձանց ընտանիքներից։
Հավելենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ: