Ձևաչափը դեռ քննարկվում է. ՔՊ–ական պատգամավորը՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին

Պատգամավորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մեկնարկած քննարկումները վերաբերում են հումանիտար հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևաչափը դեռևս քննարկվում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Sputnik Արմենիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպման մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Երևանի կողմից առաջարկվող երկխոսության միջազգային մեխանիզմը նախատեսում է գործընթացների թափանցիկություն:
«Այս թափանցիկության շնորհիվ ոչ միայն Արցախի ժողովուրդը կհամոզվի, որ իրենց անվտանգությունն ու իրավունքներն ապահովված են, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ աշխարհը»,- ասաց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներն արդեն սկսվել են, այժմ քննարկվում են հումանիտար հարցերը, ինչն ըստ իշխանական պատգամավորի՝ շատ ողջունելի է:
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա, ինչպես նշեց պատգամավորը, հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է. այն պետք է ապաշրջափակվի։
«Այնտեղ չպետք է լինեն անցակետեր, քանի որ դա նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Մնացած դետալային հարցերը տեղի են ունենում Բաքու–Ստեփանակերտ ձևաչափով և նաև ռուս խաղաղապահների ներգործությամբ»,–հավելեց նա։
Հիշեցնենք՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։