ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորություն կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հայտնեց, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու աշնանը Բաքվում։
«Բաքու մեկնելու հավանականության պարագայում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ մեկ տարի առաջ ուղարկած նամակը Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին` պահանջով ապահովել հանդիպում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների հետ, իրականություն դառնա։ Սա ևս մեկ պատուհան է մեր տղաներին Բաքվի բանտում այցելելու և իրենց որպիսությանը ծանոթանալու համար»,–նշեց Մամիջանյանը։
Նշենք, որ «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը դեռևս 2022 թվականի հուլիսին հայ գերիների հարցով դիմել էր Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին` Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
Նամակի վերաբերյալ նա տեղեկացրել էր ԱՊՀ–ի, ԵԽ–ի և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին։