«Արիս» բարեգործական հիմնադրամի ղեկավարն ավելի քան 11 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը պատճառած վնասից վերականգնել է 1 900 000 դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կալանավորվել է։ Նա մեղադրվում է խաբեությամբ մի շարք անձանցից խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Տեղեկությունը հատնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ընդհանուր պատճառած վնասը կազմել է ավելի քան 11 մլն դրամ, որից 1 900 000–ը նա վերականգնել է։
Պարզվել է, որ 2022թ. հունիսին վերոնշյալ անձը ծանոթացել է հագուստի առուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ, ներկայացել է որպես հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով։ Խանութից նա վերցրել է 3.148.800 դրամի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Վարդենիսի տուն–ինտերնատի տնօրենը կալանավորվել է
Նույն անձը 2020թ.–ի մայիսի ընթացքում հագուստի և ներքնազգեստի խանութների առուվաճառքով զբաղվող ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ։ Հետո խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ։ Վերջինիս մոտ առաջացնելով վստահություն` Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր և այլ իրեր գնելու, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, բնակչուհուց խաբեության եղանակով ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ և այլ իրեր։
Ձեռք բերված փաստերի հիման վրա բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը