ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։
«Ստեղծվելու է նոր էկոգյուղտնտեսական, կարելի է ասել` նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,– ասաց Քերոբյանը։
Լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30 կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ։
Ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։
Քերոբյանը նշեց, որ ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռ 2018թ–ի նոյեմբերին, 2020–ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
«Բայց քովիդով, պատերազմով, նաև մրցակցային այլ ծրագրերով պայմանավորված 2021թ-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծի»,– ասաց նախարարը։
Ներդրումային ծրագիրը ներկայացրել է «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ը։