ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպաններ Միխայիլ Բոչարնիկովը և Սեիդ Աբաս Մուսավին քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յանէջում։
Դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, վեճերի խաղաղ կարգավորման հարցը, «3+3» նախաձեռնությունը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։