Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է ռազմավարական նպատակով նահանջել Արտյոմովսկից. Զելենսկու խորհրդական

Ուկրաինայի նախագահի խորհրդականը վստահեցրել է, որ իրենց զինվորականները պատրաստվում են ծանր ու թեթև անել բոլոր տարբերակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինական զորքերն անհրաժեշտության դեպքում ռազմավարական նահանջ կիրականացնեն Արտյոմովսկից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Վլադիմիր Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին:
«Ռուսաստանը հենց հիմա փորձում է շրջապատել այն, և դրա համար օգտագործվում է նրանց լավագույն զորքը` Wagner-ը, որը, ըստ երեւույթին, առավել լավ պատրաստված և փորձառու խումբն է... Ակնհայտ է, որ մեր զինվորականները պատրաստվում են ծանր ու թեթև անել բոլոր տարբերակները։ Առայժմ նրանք պահում են քաղաքը, բայց եթե հարկ լինի, նրանք ռազմավարական նպատակով կնահանջեն, քանի որ մենք չենք պատրաստվում հենց այնպես զոհաբերել մեր բոլոր մարդկանց»,-հայտարարել է Ռոդնյանսկին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Երեկ ուկրաինացի զինվորականներից մեկը CNN-ին ասել էր, որ Արտյոմովսկում իրավիճակը Կիևի համար շատ ավելի վատ է, քան պաշտոնապես ասվում է:
Արտյոմովսկը (ուկրաինական անվանումը` Բախմուտ)գտնվում է ԴԺՀ-ի` Կիևի վերահսկողության տակ գտնվող մասում` Գորլովկա խոշոր քաղաքից դեպի հյուսիս, և կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորմանը մատակարարումներ ապահովելու համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։