Թուրքիայում երկրաշարժի օրերին ժամանակավորապես դադարեցված ոչ պաշտոնական քարոզարշավն այսօր շարունակվում է արդեն նոր շեշտադրումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Էլյա Հարությունյանը` ներկայացնելով երկու քաղաքական թևերի հիմնական քարոզչական թեզերը։
«Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին երկրաշարժից հետո առաջին օգնությունն ամբողջությամբ տապալելու ու շատ ուշանալու համար, ինչը բազմաթիվ մարդկային կյանքեր է արժեցել։ Իսկ իշխանությունը փորձում է մեղմել իր բացթողումները և ժողովրդին ներկայանալ նոր ծրագրերով, որ արագ կվերականգնեն երկրաշարժի հետևանքները, մարդկանց կտրամադրեն սոցիալական աջակցություն և այլն»,– ասաց թուրքագետը։
Նա նշեց, որ այս համատեքստում Էրդողանը ժողովրդից ներողամտություն է հայցում` ասելով, որ իրեն մեկ տարի ժամանակ տան, ինչը դարձյալ ընդդիմության քննադատության առիթ է դառնում։ Ընդդիմությունն էլ ասում է, որ Էրդողանը 1 տարվա կարիքը չունի, քանի որ 20 տարի իշխանության ղեկին է եղել ու 20 տարվա ընթացքում պետք է աներ առավելագույնը և ոչ թե հիմա։
Էլյա Հարությունյանի խոսքով` փետրվարի հարցումների տվյալներով` միավորման դեպքում ընդդիմությունը լուրջ շանսեր ունի նախագահական ընտրություններում։
Նշենք, որ թուրքական 6 ընդդիմադիր կուսակցություններ, ամենայն հավանականությամբ, հանդես կգան միասնական դաշինքով, ինչի մասին, թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, կհայտարարեն վաղը` հայտնելով նաև միասնական թեկնածուի անունը։
Որպես հավանական թեկնածուներ շրջանառում են ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի և Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետների անունները։
Էլյա Հարությունյանը կարծում է, որ թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն,ամենայն հավանականությամբ, Քեմալ Քըլըչդարօղլուն է, թեև իր դիտարկմամբ, նրա վարկանիշն առանձնապես բարձր չէ Էրդողանին հաղթելու համար։
«Քեմալական գաղափարների կրող գործիչ է, աշխարհիկության գաղափարի ջատագով։ Արդեն ավելի քան 10 տարի` ակտիվ քաղաքականության մեջ է։ Փոխարինել է ԺՀԿ առաջնորդ Դենիզ Բայքալին»,– ասաց թուրքագետը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքին, Հարությունյանը նշեց, որ համայնքում առաջիկա ընտրությունների հարցում միասնական դիրքորոշում չկա։ Կան և՛ ընդդիմության, և՛ Էրդողանի կողմնակիցներ։ Ամեն դեպքում հայերի ձայներն այդ երկրում որոշիչ չեն։
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում արդեն 20 տարի իշխանություն է։ Հետևաբար, Էլյա Հարությունյանի կարծիքով, ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում որոշ փոփոխություններ կլինեն այդ երկրի կարծրացած քաղաքականության մեջ` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Չի բացառվում, որ նոր իշխանությունը մեղմի Թուրքիայի այսօրվա ծավալապաշտական նկրտումները։
«Ընդդիմությունը ցանկանում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչը իր հետևից բերելու է նոր ընտրությունների շղթա։ Եվ սա մեծ կենտրոնացում կպահանջի ներքին քաղաքականության ուղղությամբ։ Արդյունքում` ուժերը հնարավոր չի լինի կենտրոնացնել արտաքին քաղաքական դաշտում»,– ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` մարտի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին` ինչպես նախանշված էր մինչև երկրաշարժը։
«Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում Էրդողանն ասել է, որ ժողովուրդը մայիսի 14-ին կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է։