ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները նախատեսվում են մայիսի 14-ին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ մի շարք ավերիչ երկրաշարժերի ֆոնին Թուրքիայում համապետական ընտրությունները կարող են հետաձգվել 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով: Պարբերականի տվյալներով՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK)՝ իշխող կուսակցության խնդրանքով։
Սակայն նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է մայիսին համընդհանուր ընտրությունների անցկացման միտման մասին, եթե առաջիկա օրերին հակառակ քաղաքական կոնսենսուս չլինի:
Էրդողանն այսօր կուսակցության նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ ժողովուրդը մայիսի 14-ին կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է։