ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հանրությունը պետք է նախապատրաստվի, քանի որ թռչնագրիպը կարող է նոր համավարակի հանգեցնել։ Այս մասին El Pais թերթին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին։
«Մտավախություն կա, որ թռչնագրիպը ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, և կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստվենք դրան»,–ասել է նա։
Փորձագետի խոսքով` գիտական հանրությունն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ հաջորդականությունը՝ դրանց հետևելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հասանելի պատվաստանյութեր մշակելու համար:
Համաճարակաբանը բացատրել է, որ թռչնագրիպի նոր բռնկումը, որի հետևանքով ամբողջ աշխարհում միլիոնավոր վայրի և տնային թռչուններ սատկեցին, սկսվել է երկու-երեք տարի առաջ՝ A վիրուսի հատուկ տեսակի(H5N1) պատճառով:
Հիշեցնենք, որ այս գրիպի բռնկումների մասին առաջին անգամ խոսել են 1996 թվականին։ 2003 թվականից ի վեր հիվանդության դեպքեր են գրանցվել այն մարդկանց մոտ, որոնք իրենց գործունեության բնույթով սերտ կապ են ունեցել թռչնի հետ։ Գրիպի այս շտամը առաջացնում է վիրուսային թոքաբորբ, սուր շնչառական աղետալի համախտանիշ: