ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N զորամասում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Առաջնագծի պահպանության անմիջական պատասխանատուները զեկուցել են մարտական դիրքերի վերազինումների, ինժեներական հագեցվածության, թիկունքային ապահովման աշխատանքների վերաբերյալ:
Մարտական դիրքերի ավագներն էլ զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով:
Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը զենք-զինամթերքի հետ առնչվելիս, ինչպես նաև հետևել հրդեհային անվտանգության կանոններին: Նա շեշտել է, որ պետք է խստորեն հետևել կարգապահությանը, նշելով, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ զորքերում արատավոր երևույթները բացառելու համար: