Մեր ամենամեծ խնդիրը քրեական մտածողությունն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիայի համար քրեական մտածողությունից ավելի պարարտ հող չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բացառված է, որ լինի կոռուպցիոն որևէ դեպք և այն պատշաճ կերպով քննության չառնվի։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման համակարգի հետ։ Հանրային կառավարման ոլորտում և դատական համակարգում աշխատավարձերի էական ավելացում պետք է տեղի ունենա։ Չի լինի, որ մի կողմից ասենք` եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, իսկ մյուս կողմից, ասենք, որ նախարարություններում պետք է լինեն 90 000 դրամով աշխատող մասնագետներ և ակնկալենք, որ գործերն արագ ու որակով ընթանան»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման շուրջ են աշխատում։ Նա նշեց նաև, որ պետք է ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ լինի, որ ինքն իրենով կաշխատի։ Վարչապետը վստահեցրեց, որ կոռուպցիայի հետ կապված ընդդիմության հրապարակած բոլոր փաստերով իրավապահները նույնպես հետաքրքրվում են։
Այնուամենայնիվ, նրա կարծիքով, ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, քրեական մտածողությունն է.«Մեզ թվում է` դա միայն համապատասխան շրջանակների մոտ է։ Ոչ, դա համատարած երևույթ է, որը բարեբախտաբար երիտասարդության շրջանում նվազում է։ Սակայն կոռուպցիայի համար քրեական մտածողությունից ավելի պարարտ հող չկա»։