Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է համարել

Հունաստանում երկու գնացքներ են բախվել
Լարիսա քաղաքի կայարանի պետի դեմ քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Լարիսա քաղաքի կայարանի պետը, որը ձերբակալվել է երկու գնացքների վթարի համար, ընդունել է իր սխալը: Տեղեկությունը հայտնում է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։
«Ես սխալ եմ թույլ տվել և ուղևորատար գնացքն ուղարկել եմ նույն ճանապարհով, ինչ Կատերինիից եկող բեռնատար գնացքը»,–ասել է կայարանի պետը:
Նշվում է, որ կայարանի պետը 56 տարեկան է, նա պաշտոնը ստանձնել է մեկ ամիս առաջ։ Նախկինում աշխատել է Հունաստանի երկաթուղիների կազմակերպման OSE ընկերությունում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Հիշեցնենք` մարտի 1-ի կեսգիշերին Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը մոտ 130 է, որոնցից 72 հոսպիտալացվել են:
Զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները։