ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանում հասարակական շենքերը մինչ օրս հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների համար, ինչպես պահանջում է օրենքը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը` դիմելով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսին ուժի մեջ է մտել այն պահանջը, համաձայն որի բոլոր հասարակական շենքերում հարմարեցումներ կկատարվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բաթոյանը շեշտեց` անցել է 1 տարի և 8 ամիս, սակայն նման հարմարանքներ չեն կառուցվել ոչ մի տեղ։
Ղուլարյանն ընդգծեց, որ կառավարությունը հաստատել է կարևորագույն շենքերի ցուցակը, որտեղ առաջին հերթին պետք է նման հարմարանքներ տեղադրել կամ կառուցել։
«Դրանք են` Մատենադարանը, Օպերայի և բալետի թատրոնի շենքը, Ազգային գրադարանը, խորհրդարանը, կառավարությունը և այլն։ Մենք աշխատում ենք գերատեսչությունների հետ, որոնք պատասխանատու են այդ կառույցների համար»,– նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը։
Նշենք, որ շենքերի մուտքերի և ինտերիերի հասանելիության նորմերի պահանջն ամրագրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում և տարածվում է հասարակական և արտադրական նշանակության բոլոր շենքերի վրա։