Եռակողմ հանդիպման ժամանակ քաղաքական կարգավիճակի մասին հարցեր չեն քննարկվել. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ շենքը
Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արցախում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Նման հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ այսօր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը։
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։
Միաժամանակ նշվում է, որ Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։
Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրներն է Գարեգին 2-րդը ներկայացրել ԱՄՆ նոր դեսպանին
Հիշեցնենք, որ այսօր կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է 2 հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է - խմբ.)։
Հայտնել էինք, որ փետրվարի 24–ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր կայացել։