ԱԺ-ն ընդունեց ատեստավորում անցնելու դեպքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար սահմանող նախագիծը

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
ԱԱԾ աշխատակիցները 2 փուլով են ատեստավորվելու` թեստավորում և հարցազրույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 63, իսկ ձեռնպահ` 27 պատգամավոր։
Նախագծով առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար։
Ատեստավորման գործընթացն անցկացվելու է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլում ընդգրկվելու է 20 հարց, ծառայողը 17-ին ճիշտ պատասխանելուց հետո կանցնի հարցազրույցի փուլ։
Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում մինչև թեստավորման փուլը լինելու է ֆիզիկական և մարտական պատրաստության վերաբերյալ ստուգարք։