ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը. Մինասյանն ընդունել է նորանշանակ դեսպանին

Գրիգոր Մինասյանն ընդունել է Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության կայացման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրագործմանը: Այս հայտարարությունն արել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը»,– ասել է դեսպանը։
Նախարարը կարևորել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման ու ներքին գործերի նախարարության, պարեկային ծառայության կայացման գործընթացին աջակցելու համար:
Նշվել է նաև ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև շարունակական համագործակցությունն ու ընդգծվել հաշտարարության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Նախարարը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած «Հայաստանում արդարադատության ոլորտի աջակցության» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի ձևավորվի ավելի անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացվի իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը։
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է Քրիստինա Քվինը։
Գարեգին 2-րդը Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները ներկայացրել է ԱՄՆ նոր դեսպանին