Այս տարի Արմավիրի բոլոր դպրոցները լաբորատոր սարքավորումներ կստանան. Անդրեասյան

Ժաննա Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ սեպտեմբերից դպրոցները ֆինանսավորում կստանան լաբորատոր նյութեր ձեռք բերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մինչև 2026 թվականը մեր բոլոր դպրոցները պետք է հագեցած լինեն լաբորատոր սարքավորումներով և սենյակներով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Աշխատանքներն արդեն սկսվել են, ավելին, Տավուշի դպրոցները նախորդ տարի ստացել են անհրաժեշտ սարքավորումները։ Իսկ այս տարի սարքավորումներ կստանան Արմավիրի մարզի դպրոցները, իսկ հաջորդն Արագածոտնի մարզն է»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` սեպտեմբերից դպրոցները ֆինանսավորում կստանան լաբորատոր նյութեր ձեռք բերելու համար։
Նախարարը նշեց նաև, որ նախորդ տարվա ընթացքում 24 դպրոցներում և 46 մանկապարտեզներում նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել։