Ադրբեջանն ուզում է ուշադրությունը շեղել Լաչինի մասին որոշումից. ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ. Արխիվային լուսանկար
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարությւոն է տարածել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով` Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարությանը և հիշեցնելով Լաչինի մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է` Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին «անօրինականորեն շահագործելու համար»։
«ՀՀ–ն իր ափսոսանքն է հայտնում՝ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար։ Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։
Ըստ գրասենակի` Ադրբեջանի գործողությունները հատկապես ցավալի են այն ժամանակ, երբ ավարտում են Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Ուստի, էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան` որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ:
Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։