2022թ-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 92 տոկոսով

Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ աշխատանքներ են տարվում 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնման, զբոսաշրջային նոր երթուղիների մշակման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 2022թ-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.67 մլն մարդ, իսկ 2021թ-ին՝ 870,000: Աճը կազմել է 92 տոկոս: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20 տոկոս, 2022թ-ին՝ 1,696,052, իսկ 2021-ին՝ 1,430,503: Նման ինֆորմացիա են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այսօր այցելել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե` ծանոթանալու 2022թ-ի գործունեության հաշվետվությանը։
Ներկայացնելով մինչև 2026թ. նախատեսված նպատակները` նշվել է, որ ակնկալվում է տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկի այցելություն, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացում, 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնում:
Փաշինյանը կարևորել է և՛ ներքին, և՛ արտագնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել, որ պետք է առաջնահերթ կերպով վերականգնման աշխատանքներ իրականացնել զբոսաշրջային մեծ ներուժ և վերականգնման խիստ կարիք ունեցող պատմամշակութային օբյեկտներում: Նա հավելել է, որ պետք է զբոսաշրջային տարբեր սեգմենտներին համապատասխան ծառայություններ առաջարկել տարբեր ուղղություններով:
«Անհրաժեշտ է թիրախավորել նաև ներքին տուրիզմը և տուրօպերատորներին քաջալերել, որպեսզի ակտիվորեն աշխատեն նաև այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը:
Հայաստանում 2023 թվականին կանխատեսվում է զբոսաշրջիկների մեծ հոսք. Սիսիան Պօղոսեան
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և պաշտոնատար այլ անձինք: