ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակիցների համար զբաղվածության ծրագիրը։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել էր դեռ 2022 թվականի աշնանը և ավարտվեց դեկտեմբերի սկզբին։ Այն պիլոտային էր։
Կառավարությունը մի շարք կազմակերպությունների, հիմնադրամների հետ աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր է իրականացրել պատերազմի 1000-ից ավելի մասնակցի համար։
«Մասնակիցների համար արվել են մասնագիտական վերապատրաստման, ներուժի բացահայտման դասընթացներ։ Նման ծրագրերից մեկը կառավարությունն իրականացնում է Շիրակի մարզում, «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։ Այնտեղ հաշմանդամություն ձեռք բերած 130 տղայից ծրագրին մասնակցում է ավելի քան 40-ը, ևս մի քանի տասնյակը ներգրավված է այլ ծրագրերում, իսկ մի մասն էլ ինքնուրույն է աշխատանքի ընդունվել։ Ծրագրի արդյունքներն այժմ ամփոփվում են, նախատեսվում է այն տարածել այլ ոլորտների վրա»,– ասաց Մկրտչյանը։
Ծրագիրը 280 շահառու ունի։ Այժմ քննարկվում են դրա ընդլայնման հնարավորությունները։