Ոչ մեկին չի հետաքրքրում. վարպետները մտահոգ են` շուտով ժողգործիքներ պատրաստողներ չեն լինի

Ժողգործիքներ պատրաստող վարպետների սակավության մասին վերջերս հաճախ է խոսվում։ Ուդ, քամանչա ու թառ պատրաստող մասնագետները Հայաստանում եզակի են, բացի այդ էլ` տարիքով մեծ են ու աշակերտներ չունեն։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչ է արվում այս խնդիրը լուծելու համար։
Sputnik
Պավելն ու Վաչեն եղբայրներ են։ Մեկը թառ է նվագում, մյուսը` շվի։ Չեն պատրաստվում դառնալ ո՛չ երաժիշտ, ո՛չ էլ ազգային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, բայց դրանց պատրաստման գաղտնիքներն իմանալու առիթը բաց չեն թողել։
Պավելն ու Վաչեն` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում
«Երկուսս էլ ուզում ենք ինժեներ դառնալ։ Ես այս պահին ավիամոդելավորում եմ ուսումնասիրում, ինձ թվում է` այն, ինչ սովորել եմ այստեղ, ինձ շատ պետք կգա հետագայում»,– ասում է եղբայրներից ավագը` Պավելը։
Պավելը` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում
Եղբայրներին հանդիպեցինք Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում։ Այստեղ նրանք ազգային նվագարանների պատրաստման դասերի են մասնակցել։
Վաչեն` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում
Նրանք և նրանց հետ միասին երաժշտական դպրոցների ևս 8 աշակերտներ այստեղ սովորում էին ժողգործիքներ պատրաստել «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի իրականացրած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի շրջանակում։
1 / 12

Պավելն ու Սերգեյ Սադոևն արհեստանոցում

2 / 12

Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

3 / 12

Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

4 / 12

Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

5 / 12

Պավելը` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

6 / 12

Վաչեն` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

7 / 12

Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

8 / 12

Պավելը` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

9 / 12

Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

10 / 12

Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

11 / 12

Վաչեն` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

12 / 12

Վաչեն` Միխայիլ և Սերգեյ Սադոևների արհեստանոցում

Միխայիլ և Սերգեյ Սադոևներին շատ է ոգևորել ծրագիրը. հմտությունները սերունդներին փոխանցելու ցանկությունը մեծ էր։
Սերգեյ Սադոև
«Աշակերտներ երբեք չեմ ունեցել, ոչ ոքի այս գործը չի հետաքրքրել` անգամ իմ ու եղբորս երեխաներին։ Ոչ ոք չէր ուզում գալ ու փոշու մեջ ամբողջ օրը կանգնել։ Ես մտածում էի` ինձանից հետո էլ ոչ մեկը չի պատրաստի ազգային գործիք, բայց փաստորեն մի փոքր հույս դեռ կա»,– ասում է ազգային նվագարանների վարպետ Սերգեյ Սադոևը։
Սերգեյ Սադոև
Երեխաներին այս բարդ, կարևոր, բայց ցավոք` ոչ արդիական մասնագիտությունը փոխանցելու գաղափարը «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանինն էր։
Նելլի Սարգսյան
Հիմնադրամում ազգային նվագարանների ուսուցման ծրագիրը մշակելուց հետո դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, դրամաշնորհ շահել ու անցել գործի։
Նախ վարպետներին են գտել, հետո դպրոցներում գործով հետաքրքրված երխաների։ Նրանք, ըստ ծրագրի, սկսել են սովորել մի խմբում լարային` թառ, քանոն, քամանչա, ուդ, մյուս խմբում` փողային` շվի, դուդուկ, զուռնա ու սրինգ պատրաստել։
«Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2019 թ.–ին։ 2020–ին այն ընդհատվել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի պատճառով։
«Առաջին փուլն անցնելուց հետո մեծ ընդմիջում եղավ, երեխաներն իրենց սովորած հմտությունները մոռացան։ 2021–ին, երբ կրկին շահեցինք դրամաշնորհն ու որոշեցինք շարունակել, ոմանք արդեն բանակ էին զորակոչվել, ոմանք ընդունվել էին համալսարան, ոմանք էլ պարզապես չցանկացան շարունակել մասնակցությունը։ Ստիպված երեխաների նոր խումբ հավաքեցինք, որն ամեն ինչ սկսեց 0–ից»,– պատմում է Նելլի Սարգսյանը։
Բացառապես տղաներից կազմված խմբին 2022թ–ին միացել է նաև Վերժինեն, որն արհեստանոցի «գերազանցիկներից» է։ Չնայած այս գործում բոլորը սովոր են տեսնել տղաների, բայց Վերժինեն պատվով կատարեց իր գործը։
«Ես նվագում եմ ուդ, ու ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես է պատրաստվում այդ գործիքը։ Հետաքրքրության համար գնացի ու ստացվեց։ Ընդհանրապես դժվար չէր։ Սա կահույքագործություն չէ, որ տղաների ուժը պետք լինի. այստեղ ավելի մանր ու նուրբ աշխատանք է պահանջվում»,– պատմում է Վերժինե Մաթևոսյանը։
2022–ին ծրագրի 3-րդ փուլն ավարտվել է։ Ծրագրում ներգրավված 10 աշակերտները վարպետների օգնությամբ պատրաստել են 2 քանոն, 2 քամանչա և 2 դուդուկ: Դրանք այժմ ԿԳՄՍՆ–ում են. նախարարությունը կորոշի` որ երաժշտական դպրոցներին հանձնել դրանք։
Աշակերտների պատրաստած երաժշտական գործիքները
Ազգային նվագարանների վարպետ Սերգեյ Սադոևը, սակայն, նշում է, որ ժամանակի սղության պատճառով երեխաները չեն հասցրել ծանոթանալ բոլոր գործիքների պատրաստման հմտություններին։ Առանց օգնության նրանք կարող են միայն քանոն պատրաստել։
«Ամեն տարի 6 ամիս գալով, այն էլ միայն շաբաթ–կիրակի օրերին, բան դուրս չի գա։ Շատ քիչ ժամանակ է, որ սովորեն ու դառնան լավ մասնագետ։ Տարիներով պետք է աշխատեն, որ ձեռքները բացվի։ Դեռ քանոնը համեմատաբար ավելի հեշտ է, քամանչան էլ ոչինչ, բայց ուդ ու սանթուր պատրաստել սովորելու համար ժամանակը շատ կարճ էր»,– ասում է Սադոևը։
Որպեսզի աշակերտները ժողգործիքներ պատրաստող մասնագետներ դառնան, տարիներ են պետք, սակայն բանն այն է, որ հիմնադրամը 2023թ–ին ծրագիրը շարունակել չի կարող, քանի որ ժամանակին հայտ չի ներկայացրել։
«Չէի իմացել, որ նախարարությունը ծրագրերի մրցույթն արդեն հայտարարել է։ Անակնկալ էր ինձ համար։ Վրդդովեցի, տխրեցի, բայց ինչ արած... երեխաները շատ են ուզում, բայց այս տարի չի լինի ծրագիր։ Եթե, իհարկե, այլ հովանավոր չգտնենք»,– ցավով ասում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը։
Երևանում արհեստների կամպուս կստեղծվի
Հովանավոր գտնելու պարագայում Սարգսյանը մտադրություն ունի ծրագիրը մարզեր նաև մարզեր տանել. այնտեղ պահանջարկն ավելի մեծ է, հնարավորությունները` քիչ։
Իսկ որպեսզի հարցն ամբողջությամբ լուծվի, ըստ մասնագետների` պետք է ազգային նվագարանների պատրաստման մասնագիտացված դպրոց բացվի` երեխաների համար ավելի գրավիչ ու հարմարավետ պայմաններով։ Այլապես տարիներ անց Հայաստանում ժողգործիքներ պատրաստող մասնագետներ այլևս չեն լինի։