Տարածաշրջանային «3+3» հարթակի դռները բաց են Վրաստանի համար. Լավրով

Սերգեյ Լավրովը Բաքվում
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «3+3» ձևաչափը շատ խոստումնալից է և պահանջված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Անդրկովկասում «3+3» ձևաչափով հարթակի մասնակիցները դռները բաց են պահում Վրաստանի համար, որը դեռ չի միացել Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից սկսված քննարկումներին։ Այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նշենք, որ «3+3» ձևաչափը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի երեք երկրների ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի երեք հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։
«Առայժմ այս ձևաչափով միայն մեկ հանդիպում է կայացել, և մեր վրացի հարևանները ձեռնպահ են մնացել մասնակցությունից: Բայց մենք պայմանավորվեցինք, որ միշտ բաց կպահենք դռները Թբիլիսիի համար, և սա արդիական է նաև համաձայնագրի նախապատրաստման համատեքստում` երկրորդ հանդիպման փուլում»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով` «3+3» ձևաչափը շատ խոստումնալից և պահանջված է, առաջին հերթին այն պատճառով, որ շատ կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը, որոնք երբեմն չեն ցանկանում Հարավային Կովկասում տեսնել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ և փորձում են ազդել այդ գործընթացների վրա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն. Լավրով