ԵՐԵՎԱՆ, փետրվարի 28 - Sputnik. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարները հունիսին Սոչիում կստորագրեն ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիր:
«Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի կապակցությամբ տնտեսական ուղղվածության միջոցառումների մի ամբողջ համալիր տեղի կունենա... Դրանք կշարունակվեն հունիսի 7-9-ը Սոչիում», - այսօր Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը:
Նա պարզաբանել է, որ ԵԱՏՄ գծով միջոցառում և տնտեսական ֆորում է նախատեսված։
ԱՊՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների քննարկմանը նախատեսվում է ներկայացնել 15 հարց: Ամենակարևրոը լինելու է ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի վրա արդեն ավելի քան 10 տարի է աշխատանք է տարվում։
«Այս օրերին ընթանում է փաստաթղթի դրույթների վերջնական համաձայնեցումը։ Մենք մեծ հույս ունենք, որ կառավարությունների ղեկավարները կստորագրեն ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը», - ասել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ կառավարությունների ղեկավարները նաև կարծիքներ կփոխանակեն տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: