ՔՊ-ն Գյումրու փոխքաղաքապետի համար առաջադրելու է Աննա Հակոբյանի ազգականի թեկնածությունը

Գյումրու ավագանու նիստում. Արխիվային լուսանկար
Առաջիկա ավագանու նիստում համայնքի ղեկավարի ներկայացմամբ փոխքաղաքապետին ընտրելու է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում կառաջադրի Գյումրում ավագանու անդամ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը։Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
28-ամյա երիտասարդը քաղաքական անցյալ չունի, նրա մասին հայտնի է միայն, որ ատամնաբույժ է ու ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը: Ի դեպ, Գյումրու մյուս փոխքաղաքապետը՝ Արթուր Պապիկյանը, Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը դադարեցրել էր իր լիազորությունները 2022-ի հոկտեմբերի 25-ից՝ ԱԺ-ում փոխարինելով Վահագն Հովակիմյանին։ Այս ընթացքում ՔՊ-ն թեկնածության մասին չէր բարձրաձայնում:
«Փոխքաղաքապետի թեկնածություն արդեն ունենք: Առաջիկա ավագանու նիստում համայնքի ղեկավարի ներկայացմամբ փոխքաղաքապետին ընտրելու է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- նշեց Քնարիկ Հարությունյանը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանի մասով որոշմանը, Քնարիկ Հարությունյանը նշեց, որ հարցը կանոնակարգվում է ՏԻՄ օրենքով: «Քանի դեռ դատարանի վճիռ չկա, Աղասի Մաթևոսյանի անունը կշարունակի մնալ Գյումրու ավագանու ՔՊ ցուցակում՝ այս որոշումը կանոնակարգվում է ՏԻՄ օրենքով»,-նշեց պատասխանատուն:
Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նշենք, որ Աղասի Մաթևոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է։