Քաղցկեղի բջիջները սպանող դեղամիջոցի ստեղծման համար ՀՀ–ում հետազոտություն են իրականացնում

Հետազոտությունը շարունակվելու է 2023 թվականին և ավարտից հետո ամենաակտիվ միացությունը (դեղամիջոցը) կիրառվելու և փորձարկվելու է խոշոր կենդանիների վրա, որպեսզի հետագայում կիրառվի մարդու քաղցկեղային հիվանդությունների դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանում հետազոտություններ են իրականացվում ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով կոչնչացվեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մասնավորապես, հետազոտություններն իրականացվում են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի և կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիաներում` Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի և ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցությամբ։
«Հայտնի է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ ավելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ մեր կողմից ֆոլաթթվի հետ կոմպլեքսավորվել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ (ֆոտոզգայուն բնությունում գոյություն ունեցող միացություններ): Ստացված կոմպլեքսները կապվում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթվի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով և, ներթափանցելով քաղցկեղային բջիջների մեջ, լազերի միջոցով լուսավորումից հետո ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները»,–նշել է գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Գյուլխանդանյանը:
Նրա խոսքով` հետազոտությունն ունի և՛ հիմնարար, և՛ կիրառական նշանակություն: Այս հետազոտությունների հիման վրա շարունակվելու է այլ նմանատիպ միացությունների (այլ վիտամինների, սպիտակուցների, գիալուրաթթվի), նանոմասնիկների (արծաթե, ոսկե) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը, որոնք կարող են ցուցաբերել ավելի բարձր խնամակցություն և ակտիվություն քաղցկեղային բջիջների նկատմամբ: Հետազոտությունը շարունակվելու է 2023 թ-ին և ավարտից հետո ամենաակտիվ միացությունը (դեղամիջոցը) կիրառվելու և փորձարկվելու է խոշոր կենդանիների վրա, որպեսզի հետագայում կիրառվի մարդու քաղցկեղային հիվանդությունների դեպքում։
Հետազոտական աշխատանքում ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի 3 երիտասարդ գիտաշխատող, ինչպես նաև կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողներ: Բացի այդ այս թեմայով ներկայում կատարում են և 2023թ. շարունակելու են հետազոտություններ կատարել 3 ուսանողներ` բակալավրներ և մագիստրոսներ:
Հետազոտության արդյունքները 2022 թ. տպագրվել են հեղինակավոր «Journal of Innovative Optical Health Sciences» ամսագրում։