ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրում (ՌՀԶԿՊ) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում։
«Նախատեսվում է, որ ՌԴ–ն դադարեցնում է Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրված ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցների վերաբերյալ պայմանագրի գործողությունը»,–ասվում է բացատրական գրության մեջ։
Տեքստում ասվում է, որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո։
Ռուսաստանի մասնակցությունը պայմանագրում վերականգնելու որոշումը կայացնելու է նախագահը։
Փետրվարի 21-ին Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման ռուս–ամերիկյան պայմանագրում` ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։
Նա նշեց, որ քննարկմանը վերադառնալուց առաջ պետք է հասկանան` ինչի են հավակնում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրները, և ինչպես է Ռուսաստանը հաշվի առնելու նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն (Հյուսիսատլանտյան) դաշինքի ընդհանուր հարվածային ներուժը։