ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից փոխվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Փոխնախարարը նշեց, որ գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն:
Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, որոնց հաշմանդամության 2-րդ խումբը վերափորձարկման արդյունքում փոխվել է երրորդի։
Նշենք, որ այդ փաստը վերջիններիս մոտ դժգոհություն էր առաջացրել։
Միաժամանակ օրենքի դրույթները սահմանափակում են հիմնադրամի հնարավորությունները, քանի որ հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել միայն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման եղանակների և ժամկետների վերաբերյալ:
«Նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել իր սահմանած պայմաններում և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին: Անցումային շրջանի համար մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել են 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշանդամություն: Այսինքն՝ եղել են հիմնադրամի շահառու և վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ»,- ասաց Խաչատրյանը:
Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին՝ 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին և կամավորներին՝ 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ: Այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակն և համապատասխան պարգևավճար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկա փուլում դեմ արտահայտվեց այս փոփոխություններին, պատճառաբանելով, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը պետք է լիարժեք ներդրվի, ինչից հետո միայն այս օրենքում ամբողջական փոփոխություն պետք է արվի։
«Ես այն կարծիքին եմ, որ մասնակի փոփոխություններով մենք խնդիր չենք լուծում»,– ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր` Գեղամ Նազարյանն էլ բարկացավ ու պահանջեց, որպեսզի հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցումն ամբողջ կյանքի համար տրվի։
Նախարարության տվյալներով՝ 2022-ի օգոստոսի 29-ի դրությամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հետևաբար հիմնադրամի շահառու: Ըստ նախարարության կանխատեսման՝ նման իրավիճակում կարող է հայտնվել ընդհանուր առմամբ շուրջ 160 շահառու:
Սպայական կազմի զինծառայողները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար, իսկ զինվորական միջին կենսաթոշակը կազմում է 38 հազար դրամ, արդյունքում հիմնադրամի առաջարկվող հատուցման հետ միասին նրանք կստանան շուրջ 150 հազար դրամ՝ 2-րդ խմբի հատուցման 200 հազար դրամի դիմաց:
Պայմանագրային, ենթասպայական և շարքային կազմերի կամավորագրվածները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար և միջինում 30 հազար դրամ զինվորական կենսաթոշակ, հատուցման առաջարկվող 50 հազար դրամ կենսաթոշակի հետ միասին կստանան 116 հազար՝ 150 հազար դրամի փոխարեն: Իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ստանում են 30 հազար կենսաթոշակ, 36 հազար դրամ պարգևավճար, առաջարկվող 25 հազար լրացուցիչ հատուցման հետ միասին կստանան 91 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն:
«Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին առաջին ընթերցմանը կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 21–ը, ևս 6-ը ձեռնպահ էր։
Երկրորդ ընթերցումը կլինի նախագծի առաջին ընթերցումից 24 ժամ հետո։