ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Լյուքսեմբուրգը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումը, երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»,– ասել է Արմեն Գրիգորյանը։
Ջունա Բերնարդը հիշատակել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։