Լենա Նանուշյանն առաջարկում է, որ համավարակների ժամանակ հրադադար հաստատվի

Լենա Նանուշյան. Արխիվային լուսանկար
Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն առաջարկում է համավարակների ժամանակ հրադադար հաստատելու դրույթ ամրագրել ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի համաձայնագրում։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը:
COVID-19-ի դիմակայման փորձը հաշվի առնելով` այս մարմինը մշակում է համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր անդամ-պետությունների համար: Ներկայումս քննարկվում է զրոյական նախագիծ, որը հայկական կողմը համարում է ընդունելի, սակայն առաջարկում է մի շարք փոփոխություններ:
«Նանուշյանն առաջարկել է փաստաթուղթը կառուցել «կանխարգելում-պատրաստություն-արձագանք-վերականգնում» տրամաբանությամբ: Նաև կոչ է արել շեշտադրել համավարակների կանխարգելմանը վերաբերող դրույթները` որպես համավարակների դեմ պայքարի կարևորագույն միջոցառում: Այս շրջանակում նա ընդգծել է առողջապահության առաջնային պահպանման օղակի վերաբերյալ դրույթների ներառումը և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները քննարկել են հետագա համավարակները արդյունավետ կերպով կանխելու և դրանց լավագույնս դիմակայելու հարցում հնարավոր լուծումները:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա բանակցային գործընթացին: