Տարածաշրջանային խնդիրները և լուծման ուղիներն են քննարկել ՀՀ նախագահն ու Վրաստանի դեսպանը

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Աշխարհում քիչ երկրներ կան, որ կողք-կողքի են ապրել ու պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել ու խնդիրներ չեն ունեցել, ինչպես Հայաստանն ու Վրաստանը։ Այսօր ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հավատարմագրերն ընդունելու ժամանակ, հայտնում են նախագահականից։
«Համոզված եմ, որ Դուք ևս այդ ավանդույթների, սովորույթների շարունակողը կլինեք: Մենք միասին ամեն ինչ կանենք՝ մի նոր աստիճանի բարձրացնելու մեր հարաբերությունները»,- ասել է ՀՀ նախագահը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նորանշանակ դեսպանը նշել է, որ ամեն ինչ կանի, որ իր առաքելության ընթացքում երկու երկրների միջև զարգանան որոշակի ուղղություններ։ Մասնավորապես` նպաստել երիտասարդների միջև երկխոսության ակտիվացմանը, մշակույթի, տնտեսական ոլորտում ավելի սերտ հարաբերությունների ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: