Կապանի հիվանդանոցում ծեծել են հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին

Շտապօգնություն
Ըստ ոստիկանության` խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը 2 տղամարդ հարվածներ են հասցրել «Կապան» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին: