ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանցի փորձագետները պարզել են, որ դպրոցներում երեխաների զանգվածային թունավորումների պատճառը ազոտն է։ Այս մասին ասել է ԻԻՀ-ի խորհրդարանի կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Ալիռեզա Մոնադին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ղոմ կատարած այցի ընթացքում խորհրդարանի պատգամավորները հետաքննություն են անցկացրել և պարզել, որ դպրոցներում ցողված թույնի բաղադրության մեջ ազոտ կա»,- ասել է Մոնադին։
Ինչպես նշել է պատգամավորը, այդ թունավոր գազը միացություն է, որը դժվար է հայտնաբերել, քանի որ այն ակնթարթորեն դուրս է մղվում օրգանիզմից։ Նրա խոսքով` ազոտի չափաբաժինը չնչին է եղել, ինչը թույլ է տվել խուսափել մահերից։
Փետրվարի 27-ին Իրանի առողջապահության և տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը հետաքննություն էր սկսել դպրոցականների զանգվածային թունավորման դեպքերի վերաբերյալ, որոնք սկսել էին գրանցվել 2022 թվականի նոյեմբերի վերջին։
Մասնավորապես, Ղոմ քաղաքում անհայտ պատճառով 18 աշակերտ է թունավորվել։ Նման դեպքեր սկսել են գրանցվել Թեհրանում, Բորուջերդում, Արդաբիլում, Սարիում։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ մինչ օրս առնվազն 150 երեխա է հոսպիտալացվել։